ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպման ձևաչափի և օրակարգի շուրջ։
Հանդիպումը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 18-19-ը Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, The Wall Street Journal-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, նշում է Meduza-ն։
WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման գաղափարն առաջարկել էր Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը նախնական համաձայնություն էին տվել հանդիպման անցկացմանը։
Սակայն Պեկինը ցանկանում է, որ գագաթնաժողովն անցկացվի խիստ սահմանված սցենարով․ առաջնորդներից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի նախապես պատրաստված հայտարարություն, իսկ քննարկումների հնարավորությունները պետք է հասցվեն նվազագույնի։ Իսկ նախնական պայմանավորվածությունների բացակայության դեպքում Չինաստանը կնախընտրեր առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել։
Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է ավելի ազատ ձևաչափի անհրաժեշտությունը, որը երեք առաջնորդներին հնարավորություն կտա ակտիվորեն մտքեր փոխանակել, այլ ոչ թե սահմանափակվել նախապես պատրաստված մենախոսություններով, գրում է WSJ-ն։
Բացի այդ, Թրամփը հասկացնել է տվել, որ ցանկանում է բարձրացնել միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը։ Սակայն, ինչպես նշում է WSJ-ն, Պեկինը վաղուց «դժկամությամբ է մասնակցում այս թեմայով որևէ բանակցության»։