Ինքնաբացարկ է հայտնել Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը

կողմից badoyan

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։


Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։

Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը:

Դատավորը նշել է, որ թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ:

Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode