«Ես վշտի մեջ եմ, ոստիկանները եկել հանում են տնից։ Անչափահաս երեխաս, կինս… Ո՞ւր գնանք հիմա։ Երեխան վախեցել է այսքան անծանոթ մարդկանց ներկայությունից»,- իշխանական երգիչ Մհեր Արմենիան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել է իրեն բնակարանից վտարելու մասին։
Երգիչը ահազանգում է, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները, ոստիկանների ուղեկցությամբ, փորձում են իրեն, կնոջն ու անչափահաս երեխային վտարել բնակարանից։ Երգչի պնդմամբ՝ գործընթացն իրականացվում է անօրինական ճանապարհով՝ խախտելով իր ընտանիքի իրավունքները։
Մհեր Արմենիայի խոսքով՝ բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին՝ հիփոթեքային վարկով։ Մինչև 2020 թվականը վարկի վճարումները կատարել է առանց խնդիրների, սակայն կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական իրադարձությունների հետևանքով մշակութային գործունեությունը դադարել է, ինչի պատճառով ֆինանսական դժվարություններ են առաջացել։
Factor.am-ի հետ զրույցում երգիչը նշել է, որ 2021-2022 թվականներին սնանկ է ճանաչվել, իսկ բնակարանի սեփականության իրավունքն անցել է «Հայէկոնոմբանկին»։ Նրա խոսքով՝ փորձել է նաև բանակցել վարկային պարտավորությունները մեկ այլ բանկ տեղափոխելու և վերավարկավորման շուրջ, սակայն սնանկության կարգավիճակը բարդացրել է գործընթացը։
Մհեր Արմենիայի խոսքով՝ ոստիկանությունն իրավունք չունի իրենց բռնի ուժով դուրս հանել բնակարանից՝ առանց համապատասխան իրավական ընթացակարգերի պահպանման։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին՝ պատշաճ ծանուցում ստանալու դեպքում, և հարցը լուծել օրենքի շրջանակում։
Երգիչը նաև հայտնել է, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։