Դատարանը Արմեն Աշոտյանի գրավի չափը` 25 մլն դրամից դարձրել է 10 մլն

կողմից admin1
Հակակոռուպցիոն դատարանը նվազեցրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրավի չափը՝ 25 մլն դրամից դարձնելով 10 մլն դրամ:
Դատարանի այսօրվա նիստի ընթացքում Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նվազեցնել գրավի չափը՝ հաշվի առնելով, որ 2 տարի առաջ 25 մլն դրամ գումարը հավաքագրվել է ընկերների և բարեկամների օգնությամբ:
Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերադարձնել նշված միջոցները։ Մելիքյանը միջնորդեց գրավի չափը նվազեցնել՝ սահմանելով մինչև 5 մլն դրամ:
Աշոտյանն իր հերթին նշեց, որ միջոցներն անհրաժեշտ են, այդ թվում՝ արտերկրում սովորող ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով:
«Խնդրում ենք 20 մլն դրամով նվազեցնել գրավի չափը, որպեսզի այդ գումարը վերադարձվի նրանց, ովքեր մուծել են այն», — ասաց Աշոտյանը:
Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ հաշվի առնելով դատավարության ընթացքում Աշոտյանի պահվածքը՝ նպատակահարմար է գտնում գրավի չափը նվազեցնել 15 մլն-ով՝ մինչև 10 մլն դրամ:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode