«ՀայԷկոնոմԲանկը» արձագանքել է Մհեր Արմենիայի հայտարարություններին

կողմից admin2

Սնանկության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի վճռով Մհեր Անդրանիկի Մեսրոպյանը` Մհեր Արմենիան, ճանաչվել է սնանկ։ Վերջինս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցել է չկատարված պարտավորություններ, որոնց ապահովման միջոց է հանդիսացել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/5 շենքի թիվ 13 բնակարանի անշարժ գույքը։ Օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում Բանկը ներկայացրել է իր պահանջը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Սնանկության դատարանը թույլատրել է գրավադրված գույքն իրացնել աճուրդով։ Այս մասին հայտարարել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն՝ անդրադառնալով երգչի այն պնդումներին, թե Սուքիասյանների բանկը իրեն վտարում է իր բնակարանից։

«Քանի որ կազմակերպված աճուրդների ընթացքում գնորդներ չեն գտնվել, Բանկի դիմումի հիման վրա Դատարանը 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ թույլատրել է գույքը պարտքի մի մասի դիմաց փոխանցել Բանկի սեփականությանը։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաև Մհեր Մեսրոպյանը։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ Բանկի նպատակը երբևէ չի եղել ստեղծված իրավիճակը սրելը կամ այն հարկադրանքի միջոցով լուծելը։ Հակառակը՝ սնանկության գործընթացի սկզբից ի վեր Բանկը բազմիցս հնարավորություն է տվել Մհեր Մեսրոպյանին կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը։ Ավելին, նույնիսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Բանկը պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնելու՝ պարտավորությունների կատարման պայմանով և նշված ժամանակահատվածում հարկադրանքի որևէ գործողություն չի իրականացրել, և Մհեր Մեսրոպյանը շարունակել է բնակվել նշված բնակարանում։ Սակայն այդ հնարավորությունները չեն հանգեցրել ակնկալվող արդյունքին, և պարտավորությունները շարունակել են մնալ չկատարված։

Այսպիսով, շուրջ հինգ տարի Բանկը ցուցաբերել է համբերատար և կառուցողական մոտեցում՝ փորձելով հարցը լուծել փոխըմբռնման և պարտավորությունների կամավոր կատարման ճանապարհով։ Ցավոք, խնդրի լուծմանն ուղղված այս հնարավորությունները չեն օգտագործվել, իսկ գույքն արդեն շուրջ երեք տարի շարունակում է զբաղեցնել Մհեր Մեսրոպյանը՝ չնայած դրա նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցմանը։ Ստեղծված իրավիճակում, երբ խնդրի խաղաղ և կամավոր կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, Բանկը շուրջ 3 տարի հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին՝ իր օրինական իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի վերականգնման նպատակով։

Բանկը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը, սակայն միաժամանակ կարևորում է, որ պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և դատարանի օրինական ակտերը հարգվեն ու կատարվեն։ Այժմ էլ Բանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին Բանկի հանդեպ չկատարված պարտավորությունների կատարման պարագայում»,-նշված է բանկի տարածած հայտարարությունում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode