Հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին. Արամ Ա

կողմից admin1
Աշխարհի աչքի առաջ պատմության սարսափելի խեղաթյուրում է տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների` օկուպացված Արցախ երկօրյա այցին։
Սեպտեմբերի 11–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Արցախ երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղ են գնացել։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։
«Խորը ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած տեսանյութերը, որտեղ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առաջ…»,–գրել է Արամ Ա–ն։
Նրա խոսքով` Բաքվի կողմից հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելը ՀՀ իշխանությունների անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։
«Հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին»,–նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Focus Mode