Իսրայելում ընդդիմության առաջնորդը կառավարություն կձևավորի

կողմից badoyan

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կառավարող կոալիցիա ձևավորելու առաջին հնարավորությունը տալիս է ընդդիմության թեկնածու Գադի Այզենկոտին։

Նա երեկ պաշտոնապես ստացել է Իսրայելի հաջորդ կառավարական կոալիցիան ձևավորելու մանդատը՝ խոստանալով կիրառել «ստեղծագործական և ոչ ավանդական» ուղիներ՝ իր բնորոշմամբ «ազգային արտակարգ իրավիճակի կառավարության» ձևավորման համար։

Այզենկոտի թեկնածությունն ակնկալվում էր, քանի որ նորընտիր Քնեսեթի 120 պատգամավորներից 67-ը դիմել էին նախագահ Իցհակ Հերցոգին՝ նրան այդ հնարավորությունը տալու խնդրանքով։

Երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությունից հետո կենտրոնամետ «Յաշար» կուսակցության առաջնորդը կունենա մինչև վեց շաբաթ՝ կառավարություն ձևավորելու համար։ Նա խոստացել էր պաշտոնանկ անել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի համար նոր դարաշրջան սկսել։

«Իսրայելը գտնվում է արտակարգ իրավիճակի բարդ և ճակատագրական փուլում»,- իր ելույթում հայտարարել է Այզենկոտը։ Նա մատնանշել է մի քանի ճակատներում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդների շրջանում Իսրայելի միջազգային հեղինակության կտրուկ անկումը և այն, ինչն անվանել է «Իսրայելի ժողովրդավարության պատմության ամենախոցելի պահերից մեկը»։

Այզենկոտն ընդունել է, որ հաջողության հասնելը ամենևին երաշխավորված չէ։

Նրան աջակցող կուսակցությունները բաժանված են երկու ճամբարի՝ հրեական գերակշռությամբ 48 պատգամավորից և արաբական գերակշռությամբ 19 պատգամավորից բաղկացած խմբավորումների։

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստացել է 53, իսկ Այզենկոտի գլխավորած չորս կուսակցությունների դաշինքը՝ 48 տեղ։

Նոր կառավարության ձևավորման հարցում վճռորոշ կարող է լինել արաբական երկու կուսակցությունների դիրքորոշումը, որոնք միասին ստացել են 19 մանդատ։

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Այզենկոտը քաղաքականություն է մտել 2022-ին։

2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո նա միացել էր Նեթանյահուի ռազմական կաբինետին, սակայն ավելի ուշ վերադարձել ընդդիմություն՝ քննադատելով վարչապետի քաղաքականությունն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքը։

 

 

 

 

 

Как вам разговор? Пригодился?

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode