Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը՝ հայտարարելով, որ կազմակերպությունում առկա է կառավարման համակարգային ճգնաժամ։
Տեբասի դժգոհության պատճառը ՖԻՖԱ-ի կողմից «FIFA Forward Enterprise» (FFE) նախագծից հրաժարվելն է։ Ծրագիրը նախատեսում էր աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառք մասնավոր ներդրողներին։
«ՖԻՖԱ-ի որոշումը՝ հետ կանչել առաջարկը, լավ նորություն է, սակայն սխալ կլինի կարծել, թե դրանով կառավարման խնդիրը լուծված է։ Խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տեբասը։
Նա քննադատել է Ինֆանտինոյի ղեկավարության տարիներին ընդունված մի շարք որոշումներ՝ նշելով ՖԻՖԱ-ի կառավարման թափանցիկության, մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունների և շահագրգիռ կողմերի հետ երկխոսության բացակայության խնդիրները։
Տեբասի խոսքով՝ համաշխարհային ֆուտբոլին անհրաժեշտ է նոր ղեկավարություն, որը կկարողանա վերականգնել վստահությունը ՖԻՖԱ-ի նկատմամբ և որոշումներ կայացնել ֆուտբոլային բոլոր կողմերի մասնակցությամբ։
