Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը

կողմից admin2

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունը տվել է նույն դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Մասիս Մելքոնյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի միջնորդությունները բավարարած դատավորի համբավով։ Նրա որոշմամբ կալանավորվել են Արշակ, Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, գեներալ Տիրան Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը։

Այս գործերով ընդդիմադիրները Մելքոնյանին մեղադրել են քաղաքական պատվեր կատարելու մեջ։

Այժմ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչները բարձրաձայնում են Մասիս Մելքոնյանի և նույն գործով անցնող դատավոր Գևորգ Պողոսյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին՝ պնդելով, որ նրանց վերագրվող արարքում հանցակազմ չկա։

Մասիս Մելքոնյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին։ Ընդամենը երեք տարվա գործունեության ընթացքում նա հասցրել է ձեռք բերել «կալանք տվող դատավորի» համբավ։

Ի տարբերություն նրա՝ Գևորգ Պողոսյանը, որը դատավոր է նշանակվել 2021 թվականին՝ այդ ժամանակ ստեղծված «կալանքի դատարանում», հանրության ուշադրության կենտրոնում հայտնված դատավոր չի եղել։ Դատական համակարգում նա հայտնի է որպես գործերն արագ քննող դատավոր․ նրա վարույթում համեմատաբար քիչ գործեր են մնում ոչ թե քիչ մակագրվելու, այլ դրանք արագ ավարտելու պատճառով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode