Անթալիայում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը: Այնտեղ են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
Երեկ Անթալիա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահը։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, այցը տեղի է ունենում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Երկու շաբաթ առաջ Ալիևը չէր մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային խիտ գրաֆիկը։
Հիշեցնենք, որ Բաքվի և Անկարայի միջև տարաձայնություններ էին ծագել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ։ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատել էին այդ որոշումը, իսկ Ադրբեջանում նրանց հայտարարությունները որակել էր միջամտություն երկրի ներքին գործերին։
Լարվածությունն այնքան էր խորացել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի ութ քաղաքացիների նկատմամբ, իսկ ևս 31 անձանց մուտքն Ադրբեջան արգելվել էր։ Բաքուն նրանց մեղադրում էր Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված հայտարարությունների, իշխանափոխության և կրոնական ատելության հրահրման կոչերի մեջ։
Սակայն նոյեմբերի 8-ին Էրդողանն անձամբ ժամանեց Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրում նշվող Հաղթանակի օրվա միջոցառումներին։
Շուշիում կայացած բանակցություններից հետո երկու նախագահները շեշտեցին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են ամուր մնալ, դաշինքն անսասան է։
Անթալիայում կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում, առայժմ պաշտոնական որևէ հաստատում չկա, սակայն կարելի է ենթադրել, որ Էրդողանը կարող է նման հանդիպում կազմակերպել։