Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի ստեղծման ճանապարհը հեշտ չի եղել․
Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ձևավորվել էր դեռ «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երկու ֆիլմերը պետք է լինեն շարունակական։ Այս մասին հայտնում են Genetic Production-ից։
«Ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ տիկին Սեդայի համաձայնությունն ու օրհնությունը ստանալն էր։ Այդ ժամանակ կային մարդիկ, որոնք ասում էին՝ դա անհնար է, քանի որ նա երկար տարիներ իր համաձայնությունը չէր տվել և մեզ էլ չէր տա։ Բայց նա ուներ իր հստակ պատճառները։ Ես էլ գիտակցում էի՝ եթե նպատակ կա, պետք է գնալ ու փորձել։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ գոնե կիմանաս, որ դրա համար արել ես ամեն ինչ։
Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ջերմ մթնոլորտ ստեղծվեց, և կարճ ժամանակ անց նա տվեց իր համաձայնությունը, ինչպես նաև Մոնթեի եղբայրը՝ Մարքար Մելքոնյանը։ Դա մեծ երջանկություն և պատասխանատվություն է»,- նշում է Նոնո Սարգսյանը։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, գլխավոր օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը։ Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ նրա կնոջ՝ Սեդա Մելքոնյանի կերպարը՝ Հռիփսիմե Նահապետյանը։ Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։
Սակայն նկարահանումների մեկնարկից օրեր առաջ ստեղծագործական թիմը հայտնվել է անելանելի իրավիճակում․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանմանը։
«Դա նման ֆիլմի համար անելանելի իրավիճակ էր։ Ով ուզում ես լինես, չես կարող ինքդ քեզ պատերազմական տեսարան նկարահանել ֆիլմի համար, քանի որ նման տեսարանների դեպքում հիմնականում ՊՆ-ի աջակցությունը կա և իրենց ներկայացուցիչներն են գալիս։ Երևի թե իմ կյանքի ամենաանելանելի ու կոկորդիս կանգնած իրավիճակներից էր, երբ ես պետք է նկարահանող թիմին ասեի, որ չենք սկսում ֆիլմի նկարահանումները։
Շատ դժվար էր, և եթե ինձ հարցնեն, թե ոնց նկարահանեցինք, ապա հստակ պատասխան չեմ տա։ Հայտնվեցին հայրենասեր մարդիկ, ովքեր ձեռք մեկնեցին մեզ։ Եվ, ի վերջո, այդ ֆիլմը իմ մասին չէ, այլ Մոնթե Մելքոնյանի»,- նշում է Նոնո Սարգսյանը։