Քաղաքացիության դադարեցման համար մեծ չափի տուրք սահմանելը հակասահմանադրական է․նախկին փոխոստիկանապետ

կողմից admin1

«Թե՛ քաղաքացիություն ձեռք բերելը և թե՛ քաղաքացիությունից հրաժարումը սահմանադրական հավասարարժեք իրավունքներ են։ Քաղաքացիության դադարեցման համար նման մեծ չափի տուրք սահմանելը, ըստ էության, սահմանադրական իրավունքի համար խոչընդոտ հարուցող կարգավորում է։ Կարծում եմ՝ սա սահմանադրա-իրավական բովանդակություն չունի, և ճիշտ կլինի, որպեսզի այդ թիվը նվազեցվի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, զինվորական դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները հիմա շատ հեշտությամբ վերականգնում են քաղաքացիությունը, և այս հեշտությունը գործնականում չարաշահվում է։ Եթե անձինք, ենթադրենք, այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելիս պետք է ցույց տա, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ, շատ արագ հրաժարվում է քաղաքացիությունից, իսկ երբ արդեն 2-րդ պետության քաղաքացիություն է ձեռք բերում, դիմում է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու։ Ստացվում է, որ այս իրավական հնարավորությունը, որ տարիներ շարունակ գործել է, շատ դեպքերում չարաշահվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում դարձյալ ՀՀ քաղաքացիություն ստանալ հնարավոր կլինի միայն 5 տարի հետո։ Նոր կարգավորումներում առաջարկվում է նաև դիմումատուի ազգությամբ հայ լինելը ստուգելու համար ձևավորել հանձնաժողով, որը պետք է հարցազրույց անցկացնի նրա հետ։ Իսկ «Պետտուրքի մասին» օրենքով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու համար գաձվող տուրքի դրույքաչափը` գործող 25 000–ից դարձնել 50 0000 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու պետտուրքը 150 000 դրամից դարձնել 1․5 միլիոն։

Նախկին պաշտոնյան չի բացառում, որ նման բարձր գումար սահմանելով՝ օրենքի հեղինակները հիմնականում նպատակ են հետապնդում բարդացնելու կամ հնարավորինս կանխելու արական սեռի քաղաքացիների քաղաքացիության դադարեցման գործընթացը, որը զինապարտությունից խուսափելու ձևերից մեկն է։

Focus Mode