Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) հասկանալի և նպատակահարմար կլիներ, «Վեդոմոստի» պարբերականի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել, սակայն այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Ղազախստանի հետ շփումների ընթացքում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, ապա գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները նույնպես պատմականորեն, ըստ ծագման, թյուրքական են», — նշել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ խոսք կարող է գնալ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ամբողջության, կազմակերպության աշխատանքներին միանալու, այլ ոչ թե առանձին տարածաշրջանների մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրեր առաջ առաջարկել էր՝ հրավիրել Ռուսաստանին միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը, կամ կազմակերպության աշխատանքներին մասնակցելու դիտորդի կարգավիճակով։