Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը

կողմից admin1

Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր հատվածում ապամոնտաժվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ապօրինի կառուցված պարիսպը։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ապամոնտաժումն իրականացվել է Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում։

Բուն առանձնատան վերաբերյալ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։

Դատախազությունից հայտնել են, որ պետական շահերի պաշտպանության հայցեր են ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի և հյուրանոցի քոթեջների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2025թ–ի դեկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սևանի ափին գտնվող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները ենթակա են քանդման։ Սևանի ափին գտնվող 23 այդպիսի տուն քանդելու որոշում է կայացվել։

Focus Mode