Հայաստանի մարզերում և Երևանում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ,- տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ըստ նախարարության` հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 5–7-րդ դարերի կոթողը, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի՝ մ.թ.ա. 2–1-ին հազարամյակների դամբարանադաշտը, ինչպես նաև Գեղարքունիքի Ջաղացաձոր գյուղի 9–18-րդ դարերի գերեզմանոցն ու 9–14-րդ դարերի չորս խաչքարերը։
Տեղական նշանակության հուշարձանների ցանկում են ընդգրկվել Ջաղացաձորի 17–18-րդ դարերի տապանաքարը, Երևանի Բագրևանդ 2/2 հասցեում գտնվող «Վահագն» քանդակը (1988 թ.), Սպիտակի ռազմագերիների գերեզմանոցը, Գյումրու Ղորղանյան փողոցի 19-րդ դարի վերջի բնակելի տունը, ինչպես նաև Սյունիքի Վարդանիձոր գյուղի «Թխկուտ» գյուղատեղին, միջնադարյան եկեղեցին և 14–16-րդ դարերի գերեզմանոցը։
Քննարկվել են նաև Արարատի, Լոռու և Սյունիքի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Դրանց թվում են Արարատ գյուղի երեք ամրոց-բնակատեղիները, Մարցի կամուրջը, Շամուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին ու գերեզմանոցը, Անգեղակոթի բնակատեղին, դամբարանադաշտերը, Սուրբ Վարդան եկեղեցին և քարայր-կացարանը, ինչպես նաև Վահրավարի Կաքավաբերդ ամրոցը։