էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր չի մեկնել Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական տնտեսական միության արտաքին քաղաքականության հարցերի և ազգային արժույթներով հաշվարկների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություններին:
Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց. «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային և առևտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։
Գևորգ Պապոյանի մամուլի խոսնակը Լիլիթ Շաբոյանն «Ազատության» հետ զրուցում հայտնել է, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների և փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստն, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը գնացել է Մոսկվա և կմասնակցի հանդիպմանը:
Այսօր Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցի քննարկումը Երևանը նախատեսում է անցկացնել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկը կընդունվի։
Նա միաժամանակ չի բացառել, որ հարցը կարող է հասնել ԵԱՏՄ դատարան, եթե հանձնաժողովում Հայաստանի օգտին որոշում չկայացվի։