Օգոստոսի 25-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի բնակիչների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ։
Բնակիչների խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքի պատճառով իրենք երեք օր մնացել էին առանց ջրամատակարարման։ Ջրի խողովակի վնասման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր նաև շենքի երկրորդ մուտքի բնակիչների էլեկտրամատակարարումը։
Հրապարակումից հետո խնդրին օպերատիվ արձագանքել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Նրա միջամտությունից հետո «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները վաղ առավոտյան մեկնել են դեպքի վայր և մի քանի ժամում վերացրել ջրի խողովակի վնասվածքը։
Այնուհետև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ Աբովյանի տեղամասի աշխատակիցները կատարել են անհրաժեշտ մոնտաժման աշխատանքները, ինչից հետո բնակիչների էլեկտրամատակարարումը ևս վերականգնվել է։