5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը փաստացի զրոյանում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեջ սոցիալական կրեդիտի տրամաբանությամբ դասագրքերի դիմաց վերադարձվում է 3000 դրամ։ Սրա շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ»,- նշել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ սոցիալական կրեդիտի չափը 5-րդ և 6-րդ դասարաններում համադրելի է դասագրքերի վարձավճարի հետ, ինչի արդյունքում այդ դասարաններում վարձավճարը կարելի է համարել զրոյացված։
Նախարարը նշել է նաև, որ դասագրքերի ոլորտում մրցակցային քաղաքականության և կարգերի փոփոխության արդյունքում դրանց արժեքը միջինում նվազել է 26 տոկոսով, իսկ մյուս դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազել են ավելի քան 66 տոկոսով։
Անդրեասյանը ծնողներին կոչ է արել մասնակցել համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգին՝ դասագրքերի համար վճարված գումարի վերադարձից օգտվելու նպատակով։