Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինծառայողի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ զինծառայողները երեկոյան այդ ճանապարհով վազել են շտաբի պետի կողմից նշանակված պատժի հետևանքով։
Ըստ տեղեկությունների՝ զինծառայողները զորամասի ճաշարանում բարձր են խոսել, ինչից հետո շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է վազեցնել Ճամբարակից դեպի Վահան տանող ճանապարհին։ Իրավապահները պարզել են, որ նման պատիժը նախատեսված չէ բանակային կանոնակարգով, իսկ զինծառայողներին վազեցնելու ընթացքում նրանց անվտանգությունն ապահովված չի եղել։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ճանապարհին «Գազ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի։ Նրանցից մեկը՝ 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանը, մահացել է։
Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր նաև բեռնատարի վարորդը՝ Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանը։ Իրավապահները պարզել էին, որ մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը վարորդական վկայական չի ունեցել։
Իրավապահները չեն բացառում, որ շտաբի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի դատարան։