Թուրքիայում կալանավորվել է Ստամբուլի ֆոնդային բորսայի նախկին գլխավոր տնօրեն Քորքմազ Էրգունը՝ կաշառակերության և հանցավոր խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Hurriyet» պարբերականը:
Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին՝ կապիտալի շուկայում իրականացված գործարքների քննության շրջանակում։ Ձերբակալությունից հետո տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի տեղակալ Աթիլա Թյուրելիին նշանակել է բորսայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Նախաքննական գործողությունների իրականացումից հետո նրան տեղափոխել են դատարան, որտեղ դատախազությունը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Ստամբուլի ֆոնդային բորսա Թուրքիայի միակ ֆոնդային բորսան է և թուրքական արժեթղթերի շուկայի օպերատորը: Այն հիմնադրվել է 2013 թվականին։ Քորքմազ Էրգունը բորսան ղեկավարել է 2021 թվականից: