Ուկրաինական իշխանությունները դիտարկում են ութ տանկերներ, որոնք 300 հազար տոննա ռուսական դիզվառելիք են տեղափոխում Միացյալ Նահանգներ։
Այս մասին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Ուկրաինայի կառավարության աղբյուրները:
Նավերից յոթը հայտարարել են ԱՄՆ-ը որպես իրենց ուղևորության նպատակակետ, ութերորդը՝ Հունաստանի դրոշի ներքո նավարկող Athina M.-ը, ենթադրաբար նույն ուղղությամբ է նավարկում:
Չորս տանկերներ՝ Leruo, Primorye, Manta և Feliks, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ են, նշել են աղբյուրները, որոնք խոսել են անանուն մնալու պայմանով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Թրամփը հայտնեց, թե Պուտինի հետ համաձայնության է եկել երեք ամսվա ընթացքում ԱՄՆ և համաշխարհային շուկաներ միլիոնավոր տոննաներ ռուսական դիզվառելիք բաց թողնելու վերաբերյալ:
Ուկրաինական աղբյուրների նշած նավերը բեռնվել են հոկտեմբերին ռուսաստանյան նավահանգիստներում, նախ և առաջ՝ Բալթիկ ծովի Պրիմորսկ նավահանգստում, և պետք է ԱՄՆ ժամանեն նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամանակահատվածում: