Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում

կողմից admin2
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ և ֆան-ակումբներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։
«Ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ, այլ հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում ու տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու մեր հավաքականը։ Հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր ու ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրները և հնարավորությունները։ Համզոված եմ` հայկական ֆուտբոլը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան այսօր իրացվում է»,– ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամետ զարգացման ծրագիր։ Առաջնահերթությունը, ըստ Ղազարյանի, պետք է լինի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ համագործակցությունը։
Ըստ հավաքականի նախին կիսապաշտպանի` կարևոր է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ընթացող ընտրությունները լինեն թափանցիկ և արդար` ապահովելով հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար։
Ղազարյանը նշեց` մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է համախմբել ֆուտբոլային հանրության կարող ուժերին և ձևավորել մասնագիտական թիմ։ Վստահ է` հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել չափելի փոփոխությունների։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode