Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են քննչական կոմիտեից:
Պարզվել է, որ Գ. Պ.-ն՝ (-խմբ. Գոռ Պետրոսյան) քրեական հեղինակություն, հանգուցյալ Մ. Պ.-ի որդին (-խմբ. Մարզպետունի Պետրոսյան՝ Մարսո), 2025 թվականի սեպտեմբերին վերջինս, տեղեկանալով երկու անձանց միջև գումարային պարտավորությունների շուրջ առաջացած վիճաբանության մասին, իր մտերիմ Կ. Ղ.-ի միջնորդությամբ ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ընդունած վարքագծի կանոններով։
Այդ նպատակով նա հեռախոսային խոսակցություններ է ունեցել վիճաբանության մասնակիցների և այլ անձանց հետ, օգտագործել իր հեղինակությունն ու ազդեցությունը, ինչպես նաև հայտնել անհրաժեշտության դեպքում իր հետ մտերիմ բազմաթիվ անձանց ներգրավելու պատրաստակամության մասին։
Նշված գործողությունների դիմաց Գ. Պ.-ն պահանջել է 3 հզր 500 ԱՄՆ դոլար, որը, ըստ նախաքննության տվյալների, ստացել է տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան նշված գումարի չափով էժան ձեռք բերելու եղանակով։
Պարզվել է նաև, որ մեկ այլ դրվագով նույն անձը, տեղեկանալով քաղաքացու անձնական կյանքին վերաբերող հանգամանքների մասին, նրան ենթարկել է ծեծի, ապա այդ տեղեկություններն այլ անձանց չհայտնելու և հետագա խնդիրներից զերծ պահելու պատրվակով վերջինիս եղբորից պահանջել է 2 մլն ՀՀ դրամ։ Հետագայում պահանջված գումարը նվազեցվել է՝ հասնելով 2 հզր ԱՄՆ դոլարի:
Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Կ. Ղ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: