Երեխաների սեռական շահագործման համար քրեական պատասխանատվությունը կխստացվի․ նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին։
Նախագծով առաջարկվում է բացառել մինչև 16 տարեկան երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց՝ հաշտության կամ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։
Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխաների ծառայություններից օգտվելու համար՝ առավել խիստ պատիժ նախատեսելով 12-16 տարեկան երեխաների դեպքում։
Փոփոխություններով կխստացվի նաև երեխաների և անօգնական վիճակում գտնվող անձանց թրաֆիքինգի կամ շահագործման համար պատասխանատվությունը։