Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել Վլադիլեն Բալյանի անվամբ։ Այդ հարցն ընդգրկված է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։
Փողոցի անվանափոխության հեղինակները Երևանի ավագանու «ՔՊ»-ական անդամներ Հայկ Միրզոյանն ու Հեղինե Ոսկանյանն են։
Փողոցի անվանափոխությունը պայմանավորված է հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի հիշատակը հավերժացնելու և հայ ազգային երաժշտարվեստի ու Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում նրա նշանակալի ավանդն ընդգծելու ցանկությամբ։
Մեկ այլ հարցով էլ առաջարկվում է փողոց անվանափոխել Կենտրոն վարչական շրջանում։ Մասնավորապես՝ Սարալանջի փողոցի մի հատվածն առաջարկվում է անվանափոխել Հայաստանի ազգային հերոս, «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Իզմիրլյանի անվամբ՝ այն կոչելով «Տիգրան Իզմիրլյան փողոց»։