Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում». մամուլ

կողմից admin2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը ներկայումս ամեն ինչ անում է առողջապահական համակարգում կրկին բարձր պաշտոն զբաղեցնելու և մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանալու համար։

Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն այժմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում խորհրդատուի պաշտոն է զբաղեցնում։ Սակայն այդ պաշտոնը հայեցողական է, չվճարվող, և, ըստ մեր աղբյուրների, նախկին փոխնախարարի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նրա գլխավոր նպատակը կենտրոնի տնօրեն դառնալն է։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հակոբյանը բավական ակտիվացել է առողջապահական համակարգում։ Նա այցելություններ է ունենում տարբեր բժշկական հաստատություններ, հանդիպումներ, քննարկումներ կազմակերպում, փորձում է պահպանել իր ազդեցությունն այն բուժհաստատություններում, որոնց աշխատանքները ժամանակին համակարգել է որպես փոխնախարար։

 

Ըստ մեր տեղեկությունների՝ այս ակտիվության հետևում նաև հստակ նպատակ կա՝ առողջապահական համակարգում կրկին ղեկավար պաշտոն ստանալ և հասնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնին։

 

Ստացվում է՝ փոխնախարարի պաշտոնը կորցնելուց հետո Լևոն Հակոբյանը չի պատրաստվում բավարարվել խորհրդատուի կարգավիճակով։ Հարցն այն է, թե ինչ ճանապարհներով է նա փորձում հասնել իր նպատակին, և արդյոք իշխանական շրջանակներում պատրաստ են նրան կրկին վստահել խոշոր բուժհաստատության ղեկավարումը։

Հիշեցնենք, որ Լևոն Հակոբյանը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2019 թվականի մարտին՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

2023-2024 թվականներին եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը, իսկ 2024 թվականի մարտի 27-ին կրկին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ 2026 թվականի օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Իսկ թե ինչու Հակոբյանը կրկին չշարունակեց իր աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, պաշտոնական որոշման մեջ չի մանրամասնվում։ Այդուհանդերձ, ոլորտում նրա աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բացասական գնահատականներ կան։ Որոշ ներկայացուցիչներ նրա կառավարման ոճը արդյունավետ չեն համարում և կարծում են, որ փոխնախարարի պաշտոնում նա չի արդարացրել սպասելիքները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode