Թուրքիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 17-ի առավոտյան գործողություններ են իրականացվել փաստաբանների, ընդդիմադիր լրատվամիջոցների և քուրդ քաղաքական գործիչների դեմ։
Դիարբեքիրում ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Քուրդիստանի սոցիալիստական կուսակցության» (PSK) նախագահ Բայրամ Բոզյելը։
Գործողություններ են իրականացվել նաև Իզմիրում, որտեղ ձերբակալվել է առնվազն 6 փաստաբան, որոնցից 5-ը փաստաբանների միության անդամներ են։ Միության տվյալներով՝ խուզարկություններ են կատարվել փաստաբանների տներում, առգրավվել են թվային սարքեր, ինչպես նաև սահմանափակվել է ձերբակալվածների և նրանց պաշտպանների միջև հաղորդակցությունը։
Միությունը տեղի ունեցածը որակել է որպես պաշտպանության իրավունքի ոտնահարում՝ նշելով, որ փաստաբանների մասնագիտական գործունեությունը քրեականացնելու փորձ է արվում։
Գործողություններին արձագանքել է նաև քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցությունը։ Կուսակցության հաղորդմամբ՝ նույն առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև ընդդիմադիր «Sözcü TV» հեռուստաալիքում։
Կուսակցությունը դատապարտել է քաղաքական գործիչների, փաստաբանների և լրատվամիջոցների դեմ գործողությունները՝ դրանք որակելով որպես հակաժողովրդավարական ճնշումներ։ Կուսակցությունը կոչ է արել դադարեցնել նման գործելակերպը՝ ընդգծելով, որ մամուլի ազատությունը, ժողովրդավարական քաղաքական գործունեությունն ու միավորումների ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներ են։