Վրաստանի Ստեփանծմինդայի շրջանում սկսվում է Ստեփանծմինդա–Գվելեթի ճանապարհահատվածի լայնածավալ վերակառուցումը։ Առկա ճանապարհը պարզապես չի վերանորոգվի, այլ փաստացի կկառուցվի նոր երթուղի, հաղորդում է Georgia Online-ը։
Նախագծի առանցքային հատվածը կլինի 2 կմ երկարությամբ կամուրջը, որը նախատեսվում է կառուցել բարդ լեռնային ռելիեֆում։ Այն կկապի Ստեփանծմինդան նոր Դարյալի թունելի շրջանի հետ և կդառնա Վրաստանի ամենաերկար կամուրջը։
Նախագծի արժեքը կազմում է 215,5 մլն լարի՝ մոտ 82 մլն դոլար։ Շինարարությունն ավարտելու նախատեսված ժամկետը 2027 թվականն է։
Ճանապարհահատվածի վերակառուցումը կարևոր է նաև տարածաշրջանային տարանցման համար, քանի որ այս երթուղով Հայաստանը ցամաքային կապ ունի Ռուսաստանի հետ։ Նոր ենթակառուցվածքը նախատեսված է ճանապարհի անվտանգությունն ու երթևեկության կայունությունը բարձրացնելու համար, հատկապես ձմռան ամիսներին։
Ստեփանծմինդա–Գվելեթի հատվածի վերակառուցումը Վրաստանի հյուսիսային ուղղության ավելի լայն արդիականացման ծրագրի մաս է, որի շրջանակում կառուցվում են նաև նոր թունելներ, կամուրջներ և շրջանցիկ ճանապարհներ։