Գեղարքունիքում 23-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հատկանիշներով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերվել է 23-ամյա Արտակ Հ.-ի դին։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ժամը 11:25-ի սահմաններում երիտասարդի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը։ Վերջինս իջեցրել է նրան, զանգահարել շտապօգնություն և մինչև բժիշկների ժամանումը փորձել օգնություն ցուցաբերել, սակայն ժամանած բուժաշխատողները արձանագրել են երիտասարդի մահը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահից առաջ Արտակ Հ.-ն հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երիտասարդի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հայտնի է նաև, որ մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Սակայն ծայրահեղ քայլին դիմելուց մի քանի օր առաջ նա ծառայությունից վերադարձել էր տուն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննություն է իրականացվում։