Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումներին կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանն ասել է, որ դատի է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որովհետև, ըստ նրա, ներսում որևէ ատյան չի գործում։
«Այս շարժումը սկսվել է, երբ որ մեր խղճի ազատության օրենքն է խախտվել, Սահմանադրությունն է խախտվել։ Ինձ կարգալույծ են արել նրա համար, որ ես անհնազանդ եմ գտնվել, դա է հիմնավորումը»,- նշել է նա։
Հարցին՝ ո՞ւր է հասել եկեղեցու բարենորոգման իրենց օրակարգը, Գևորգ Սարոյանը պատասխանեց. «Շատ ակտիվ շարունակում ենք, սա էլ դրա մի մասն է»։
Ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում, պահանջվում է Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։