27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը
«Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։
Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու — գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:
Ամեն, եղիցի, եղիցի», — գրել է նա։