Գլխավոր ԲանակԲանակում ինքնшuպшնության դեպքերն ավելանում են

Բանակում ինքնшuպшնության դեպքերն ավելանում են

կողմից admin
0 comments

2026 թվականի առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 զինծառայողի մահ, որոնցից 11-ը պաշտոնապես համարվել են ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ ծառայության հետ չկապված։ Այս տվյալները հրապարակել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ մարտական պայմաններում մահերի ավելի քան մեկ երրորդը (մոտ 37%) բաժին է ընկնում ինքնասպանություններին և սպանություններին։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքից 6-ը և սպանության 3 դեպքից 2-ը ծառայության հետ կապված են։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանի խոսքով՝ բանակում ինքնասպանություններին և սպանություններին հաճախ նախորդում են զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, բռնությունները և ոչ պատշաճ հրամանատարական վերահսկողությունը։

«Դիրքում քնելու պատճառով զինծառայողների նկատմամբ հաճախ կիրառվում են բռնություններ և ծեծ, ինչը հրամանատարական վերահսկողության պակասի հետևանք է։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է փոխել համակարգը՝ առաջնահերթ դարձնելով մարդու իրավունքների պաշտպանությունը, վերացնելով քրեական բարքերը և ապահովելով հստակ հրամանատարական վերահսկողություն»,- նշել է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ ինքնասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է նաև յուրաքանչյուր զորամասում ունենալ լիցենզավորված հոգեբաններ։

«Շատ զորամասերում սպա-հոգեբանի հաստիք ընդհանրապես չկա, մինչդեռ նրանց առկայությունը հնարավորություն է տալիս վաղ փուլում բացահայտել և լուծել զինծառայողների խնդիրները՝ կանխելով ողբերգական հետևանքները։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այն զորամասերում, որտեղ կան հոգեբաններ, մարդու իրավունքների խախտումների և արժանապատվության նվաստացման դեպքերն ավելի քիչ են»,- ասել է Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունում գիտակցում են խնդրի լրջությունը և որոշ քայլեր են ձեռնարկվում, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ մարտական պայմաններում ինքնասպանությունների և սպանությունների խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն