«Հայաստանում պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում առկա են թունաքիմիկատներ։ Սա ոնց որ վիճակախաղ խաղաս ու միշտ պարտվես, քանի որ որևէ մեկս պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունւից»,-անդրադառնալով Հայաստանում աճեցված պտուղ-բանջարեղենում, ձկան, մեղրի մեջ հայտնաբերված թունաքիմիկատների ու անտիբիոտիկների վերաբերյալ պաշտոնական տեղեկաատվության հիման վրա հրապարակումներին՝ խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Մնացականյանը։
Նա ընդգծեց՝ այն, ինչ արգելված է Վաշինգտոնում, Բրյուսելում, Օտտավայում, մեր երկրում մեր տարեց ծնողների, երեխաների ափսեի մեջ է։ Նա նշեց, այդ մասին հայաստանցի գիտնականները տարիներ շարունակ ահազանգում են, մինչդեռ ՍԱՏՄ ղեկավարն անցած տարի հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ անվտանգ են։
«Երբ ՍԱՏՄ պատասխանատուն մամուլի ասուլիսում հայտարարում էր այդ մասին, նա գիտեր իրականությունն ու ստում էր։ 2024-ին թունաքիմիկատների մասով փորձաքննության է ենթարկվել 182 նմուշ, որից 91-ում կա խախտում՝ ամեն երկրորդում։ Մենք օգտագործեկով Հայաստանում աճեցված սնունդը՝ վտանգի տակ ենք դնում մեր ծնողների, երեխաների առողոջությունը, չխոսեմ էլ մեր մասին»,-իրավիճակը փաստերով ներկայացրեց նախկին գյուղատնտեսը։
Նա ընդգծեց՝ այս հարցում գյուղացին մեղավոր չէ, նա չի կարող ու չգիտի, ինչպես ու ինչ քանակությամբ օգտագործի թունաքիմիկատը։
«Գյուղացին մեղավոր չի։ Իմ պահանջն ուղղված է պետական վերահսկողություն իրականացնողին, որն ունի և օրենք, և լաբորատորիա, և բյուջե, և պատասխանատվություն, և պետք է ունենա խիղճ։ Ի՞նչ են արել, առաջինը՝ թաքցրել են տվյալները, հասարակության գկխի տակ դրել են փափուկ բարձ, ներկայացրել են ռիսկերի վերլուծություն՝ չունենալով գիտական հիմք և լիազորություն, ռիսկերի գնահատումը գիտական գործառույթ է։ Ես պահանջում եմ կոնկրետ քայլեր, տեսչական մարմինը պետք է ամբողջությամբ հրապարակի փորձաքննության հստակ տվյալները, հրավիրել խորհրդարանական լսումներ՝ Տեսչական մարմնի,նախարարության ներկայացուցիչների, գիտնականների ու պատգամավորների մասնակցությամբ»,-ասաց Հ. Մնացականյանը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ընդգծեց, պետք է քայլերն իրականացվեն հենց այս պահին, իսկ պաշտոնյան, որն ունենալով տվյալներ, թաքցրել է դրանք, պետք է ենթարկվի պատասխանատվության։
«Ես այս հարցով շատ զգայուն եմ, որովհետև քաղցկեղից ես քույր եմ կորցրել։ Ես չեմ ուզում, որ որևէ հայ ընտանիք ապրի այն ողբերգությունը, որն ունեցել է իմ ընտանիքը։ Ես չեմ ուզում որևէ ընտանիք անցնի այն դժոխի միջով, որով անցել է իմ ընտանիքը»,-ասաց Մնացականյանը։