««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնյաների անցած ուղին, նրանց աշխատանքային գործունեությունն ու հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանն է։ Ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել մինչև պաշտոնը ստանձնելը և ինչ ունեցվածք ունի։
2022 թվականի ապրիլին Միքայել Օհանյանը նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար։ Օհանյանը ՔՊ անդամ է
Անշարժ գույք․
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և արձանագրեց, որ տարվա վերջի դրությամբ Միքայել Օհանյանի անունով առկա է երկու անշարժ գույք։ Երկուսի դեպքում էլ խոսքը բազմաբնակարան բնակելի շենքի մասին է, իսկ սեփականության իրավունքը բաժնային է՝ 50 տոկոս բաժնեմասով։
Առաջին անշարժ գույքը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին, երկրորդը՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու վերաբերյալ տվյալներ չկան։
Տրանսպորտային միջոց․
Միքայել Օհանյանը հայտարարագրել է 2016 թվականի արտադրության LAND ROVER մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2021 թվականի փետրվարի 3-ին՝ գնման եղանակով։ Ավտոմեքենայի առկայությունը նշված է ինչպես տարվա սկզբի, այնպես էլ տարվա վերջի դրությամբ։
Դրամական միջոցներ․
Օհանյանի բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 986 հազար 69 դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն 186 հազար 69 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 614 հազար 200 դրամ, իսկ տարվա վերջում՝ 410 հազար դրամ։
Այսպիսով, 2025 թվականի տարեվերջի դրությամբ պաշտոնյայի բանկային հաշիվներում և կանխիկ առկա դրամական միջոցների ընդհանուր չափը կազմել է 2 միլիոն 596 հազար 69 դրամ։
Եկամուտ․
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Միքայել Օհանյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, ստացել է 12 միլիոն 842 հազար 692 դրամ եկամուտ։
Վարկային պարտավորություններ․
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի վարկային պարտավորությունները և արձանագրեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացած վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 158 միլիոն 535 հազար 475 դրամ։
Հայտարարագրում ներկայացված է հինգ վարկային պարտավորություն՝ համապատասխանաբար 53 միլիոն 803 հազար 572 դրամ, 2 միլիոն 950 հազար դրամ, 37 միլիոն 899 հազար 169 դրամ, 32 միլիոն 115 հազար 393 դրամ և 31 միլիոն 767 հազար 341 դրամ։ Դրանցից երկուսի նպատակային նշանակությունը նշված է որպես բնակարանի ձեռքբերում, իսկ մյուսների նպատակային նշանակության վերաբերյալ տվյալները պաշտպանված են։
Այսպիսով, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի երկու անշարժ գույք՝ յուրաքանչյուրում 50 տոկոս բաժնեմասով, 2016 թվականի արտադրության LAND ROVER ավտոմեքենա, բանկային հաշիվներում և կանխիկ՝ ընդհանուր 2 միլիոն 596 հազար 69 դրամ, իսկ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմում է ավելի քան 158 միլիոն դրամ»