Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հնչած ձևակերպումներին։
ԳՀԽ-ն նշել է, որ Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը Կառավարության ծրագրի մաս դարձնելու։
«Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ընդգծել է, որ Եկեղեցու ներքին կյանքին և գործունեությանը վերաբերող հարցերը չեն կարող ներառվել կառավարության ծրագրում՝ որպես պետական իշխանության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղություն։