Մայորը սրբիչով «քերել է» զինվորի դեմքը

կողմից admin

Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ ոչ պատշաճ սափրվելու համար։

Մասնավորապես, ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողը «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։

Նշվում է, որ մայորի գործողությունների հետևանքով զինծառայողին պատճառվել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։

Դեպքի առթիվ Վահե Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը գործի մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ այս պահին հարմար չէ խոսել այդ մասին։

Դեպքը տեղի է ունենում բանակում վերջին շրջանում գրանցված ծանր միջադեպերի ֆոնին, որոնց թվում են սպանություններն ու ինքնասպանությունները։

Focus Mode