Ռուսական զորքերը համակցված հարձակում են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ՝ կիրառելով բալիստիկ, հականավային և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ԶՈւ օդուժի տվյալներով՝ հարվածների հիմնական թիրախում են եղել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը։
Դնեպրում, վերջին տվյալներով, զոհվել է չորս մարդ, ևս վեցը վիրավորվել են։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել են պահեստներ և ձեռնարկություն։ Կրիվոյ Ռոգում և Պավլոգրադում ևս վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ։
Հարվածներ են գրանցվել նաև Կիևում։ Քաղաքի Դնեպրովսկի շրջանում վնասվել են հինգհարկանի բնակելի շենքի ճակատային հատվածն ու առաջին հարկը։ Բնակիչները տարհանվել են, փրկարարները շենքից դուրս են բերել 15 մարդու։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է չորս տուժածի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են հասցվել մետալուրգիական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Կիևում, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Օդեսայի մարզերում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին ու ծովային նավերին։
Ռուսական հարձակման ֆոնին Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել։ ՆԱՏՕ-ի կործանիչներ են օդ բարձրացվել նաև Լատվիայում։ Լեհաստանի և Լատվիայի օդային տարածքների խախտումների մասին չի հաղորդվել, իսկ ավելի ուշ տագնապը չեղարկվել է։