ՔԿԾ-ն հերքում է «Նուբարաշեն»-ում դատապարտյալների ծեծի մասին լուրերը

կողմից admin

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել խուզարկության ժամանակ։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս ծառայողները դատապարտյալներից մեկի մոտ կասկածելի փաթեթ են նկատել։

Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում գտնվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Նրանցից մեկը հարվածել է ծառայողի դեմքին, ապա կասկածելի փաթեթը նետել սանհանգույցի կոյուղատարի մեջ։

ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ դատապարտյալների անհնազանդության և դիմադրության պայմաններում նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ է կիրառվել։ Ծառայությունը միաժամանակ ընդգծում է, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։

Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել և հետազոտվելու նպատակով տեղափոխվել հիվանդանոց։ Նրա մոտ արձանագրվել է սալջարդ, և նույն օրը նա վերադարձվել է ՔԿՀ։ Մյուս ազատազրկվածների մոտ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել։

Խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող՝ մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։

Դեպքի և քրեակատարողական ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Focus Mode