Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու իրավունը կասեցնելու վերաբերյալ, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ կոնֆերանսի ընթացքում լրագրողների հետ զրույցում Մասադիկովը հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը համապատասխան օրակարգի հաստատման դեպքում կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը: Ըստ այդ հոդվածի՝ ՀԱՊԿ անդամ պետության կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը չմարելու դեպքում երկու տարվա ընթացքում Խորհուրդը որոշում է ընդունում տվյալ պետության վերոհիշյալ իրավունքները կասեցնելու մասին՝ մինչև պարտքի լիակատար մարումը:
«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, նշանակում է՝ Հավաքական անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվելու է: Դադարեցնելու որոշումը Հայաստանի՛ որոշումն է: Իսկ ահա մեր երկրների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կլինի ՀԱԽ նիստից հետո», — ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է գլխավոր քարտուղարը:
Մասադիկովը հայտնել է, որ կա Ռուսաստանի կողմից ներկայացված որոշման նախագիծ Կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին: «Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասենք, ներկայությանը, բայց չմասնակցությանը [երրորդ տարին] Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին», — նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: