«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որը վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից և փորձում է ՔՊ-ականներին համոզել իր թեկնածությունը առաջադրել աշնանը Գորիսի ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների թվում է նաև նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը Տեղի համայնքապետն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին։
Պողոսյանը փորձում է ապացուցել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, և եթե ինքը առաջադրվի, Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Վերջինս, «շոկոլադ» հարաբերությունների մեջ գտնվելով իշխանությունների հետ, նույնպես պատրաստվում է առաջադրվել, իսկ ՔՊ-ում, ըստ պարբերականի, նրան «յուրային» չեն համարում և կցանկանային մրցունակ կուսակցական թեկնածու։