Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել TRIPP-ի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների հարցերի շուրջ:
Ադրբեջանական «APA»-ն, այս մասին Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ նախագծի 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով:
«Միևնույն ժամանակ այս երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին: Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ միանգամայն օրինաչափորեն հարց է առաջացել դրա տեխնիկական պարամետրերն ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտության մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն իր աշխատանքները սկսել է նոյեմբերի 6-ին»,- նշել է նա:
Բայրամովի խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է համաձայնեցնել տեխնիկական պարամետրերը երկու ուղղությամբ՝ տրանսպորտային, որն ընդգրկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհը, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագիծը: Բացի այդ, խումբը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
«Ադրբեջանի Հանրապետությունը գրեթե ավարտում է տրանսպորտային նախագծերի իրականացումն իր տարածքում՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների ոլորտում: Երկաթուղին մինչև Հայաստանի հետ սահման հասցնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, և հաջորդ տարվա սկզբին այդ գործընթացը կավարտվի»,- հավելել է Բայրամովը: