Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել

կողմից badoyan

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանություններն անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկել՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով։

Նոյեմբերի լույս 11-ի գիշերն այս երկրների մի շարք շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել պատսպարվել անվտանգ վայրերում՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից օդային տարածք ներխուժած անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ factor.am-ի փոխանցմամբ, ի պատասխան՝ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լիտվայի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը (NKVC) երկրի տարածքի զգալի մասում օդային սպառնալիքի մասին նախազգուշացում է հայտարարել, հայտնում է Reuters-ը։

Լատվիայի մի շարք շրջաններում անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով տարբեր մակարդակի նախազգուշացումներ են հայտարարվել, նախ՝ երկրի արևելքում, այնուհետև հարավում, իսկ դրանից հետո՝ հյուսիսում։

Թռչող սարքի հետագծմանը շարունակել են հետևել Էստոնիայի տարածքում։ Սկզբում օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացում է հայտարարվել երկրի հարավում։

Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ սպառնալիքն անցել է։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր ոչնչացման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Իրենց հերթին, Ֆինլանդիայի զինված ուժերը X սոցիալական ցանցում հայտնել են, որ Ֆիննական ծոցի արևելյան հատվածում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդային տարածքի օգտագործման և նավագնացության համար։

Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնցով Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանին, բազմիցս ներխուժել են Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode