Բայրամովն ու Վադեֆուլը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

կողմից badoyan

Այսօր Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Երևան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։

Բայրամովը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի՝ «ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնման աշխատանքների, նախկին ներքին տեղահանվածների վերադարձի և ականների խնդրի մասին։

Այսօր ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան։ Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է ժամանում Հարավային Կովկաս։

Բաքվում հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու միջազգային օրակարգի հարցերը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նախարարներն առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական կապերի ամրապնդմանը։ Նշվել է, որ 2025-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի, իսկ 2026 թվականի հունվարից սկսվել է ադրբեջանական գազի արտահանումը Գերմանիա։

Բայրամովն ընդգծել է գերմանական ընկերությունների մասնակցության հնարավորությունները Միջին միջանցքի զարգացման, Ալաթի ազատ տնտեսական գոտու և Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության, ինչպես նաև Ադրբեջանի՝ «ազատագրված տարածքներում» վերականգնման և զարգացման ծրագրերի շրջանակներում։

Յոհան Դավիդ Վադեֆուլը երեկ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել էին նաև ադրբեջանական գազի արտահանման հետ կապված հարցերը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode