«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։
Իշխանական շրջանակներում այս պահին ոչ այնքան զայրացած են Գրիգորյանի հնչեցրած տեսակետներից, որքան փորձում են հասկանալ՝ ինչպես է մարդը շուրջ ութ տարի գտնվել իրենց քաղաքական թիմի ներսում, զբաղեցրել առանցքային պաշտոններ, բայց այդ ամբողջ ընթացքում կարողացել է մնալ այսքան փակ ու անհասկանալի իր թիմակիցների համար։
ՔՊ-ականներից շատերը չեն թաքցրել, որ Արմեն Գրիգորյանը երբեք էլ իրենց թիմի ակտիվ քաղաքական դերակատար չի եղել։ Նրանց փոխանցմամբ՝ Գրիգորյանը մշտապես եղել է, այսպես ասած, ստվերում․ կուսակցության ներսում գրեթե երբեք չի արտահայտել հստակ քաղաքական դիրքորոշում, ակտիվորեն չի մասնակցել թիմային գործընթացներին, իսկ իր իրական քաղաքական նպատակներն ու հետագա անելիքները թիմակիցների համար մշտապես անհասկանալի են մնացել։
Իշխանականների շրջանում անգամ հնչում են դժգոհություններ, որ տարիներ շարունակ Գրիգորյանը զբաղեցրել է բարձր պաշտոն, սակայն ՔՊ թիմը նրանից որևէ էական քաղաքական աջակցություն չի զգացել։ Որոշ ՔՊ-ականներ պնդում են, թե երբեք մտերիմ չեն եղել նրա հետ, չեն ունեցել սերտ շփումներ և, ըստ էության, չեն էլ իմացել, թե ինչ քաղաքական հայացքներ ունի նա։
Մյուս կողմից՝ ՔՊ վերնախավի մի հատվածի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու որոշման հարցում ունեցել է իր քաղաքական հաշվարկները և, հնարավոր է, տեղեկություններ, որոնց մասին թիմի մյուս անդամները տեղյակ չեն եղել։ Սակայն նույնիսկ իշխանական շրջանակների ներսում շատերը չեն հասկանում, թե ինչու Գրիգորյանը հենց այս փուլում որոշեց հրապարակայնորեն հանդես գալ նման հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի հեռանալու օրակարգի վերաբերյալ հնչող գնահատականները և կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցության շարունակությունը։
Հատկանշական է, որ ՔՊ-ականները դեռևս չեն շտապում Արմեն Գրիգորյանի մասին հրապարակային գնահատականներ հնչեցնել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանականները փորձում են հասկանալ նրա հետագա քաղաքական դիրքավորումը։ Նրանց համար առանցքային հարց է՝ արդյոք Գրիգորյանի հայտարարությունը պարզապես սեփական քաղաքական հայացքների արտահայտո՞ւմ է, թե՞ նա պատրաստվում է անցնել ընդդիմադիր դաշտ և առաջիկայում հանդես գալ արդեն որպես իշխանության քննադատ։
Այսպիսով, Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ՔՊ ներսում նոր հարցեր է առաջացրել։ Եվ եթե նախկին թիմակիցները տարիներ շարունակ չեն հասկացել, թե ինչ դիրքորոշում ունի իրենց կողքին աշխատող պաշտոնյան, ապա այսօր առավել ևս փորձում են հասկանալ՝ ո՞վ էր իրականում Արմեն Գրիգորյանը ՔՊ իշխանության տարիներին, և ո՞ր քաղաքական ճանապարհն է նա ընտրելու այսուհետ»։