Արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Nvidia ընկերությունը հայտնել է, որ տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների թիրախ։
Այս որոշումը հաջորդել է լրատվամիջոցների հրապարակմանը, համաձայն որի՝ Հուանգը սերտ հարաբերություններ է ունեցել չինացի գործարար կնոջ հետ, որը տեղեկություններ է փոխանցել Պեկինին։
Reuters-ը հայտնել է, որ Հուանգը աշխատակիցներին ուղղված ուղերձում խոստովանել է, որ դավաճանել է կնոջը և նշել է, որ պատասխանատվություն է ստանձնում իր արարքների համար։
Nvidia-ից նաև հայտնել են, որ գլխավոր գործադիր տնօրենը մտադիր է առանց ընդհատումների շարունակել ղեկավարել ընկերությունը։
The New York Times-ը անցած ամիս հայտնել էր, որ Հուանգը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։ ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը եզրակացրել է, որ կինը չինական հետախուզության գործակալ է։
«NVIDIA-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնում՝ հաշվի առնելով վերջին հրապարակումները, որոնց համաձայն՝ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական գործողությունների թիրախ»,- նշվել է ընկերության տարածած հայտարարության մեջ։