«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-10-ին՝ Երևանի տոնին, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, երեկոյան՝ հրավառություն։ Հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում էինք արել քաղաքապետարան՝ որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան 2808» տոնի վրա, ինչ միջոցառումներ են անցկացվել, որի վրա որքան գումար է ծախսվել, որքան է վճարվել երգիչներին։ Խնդրել էինք ներկայացնել ծախսերը բացվածքով՝ անձ-գումար ձևաչափով։
Մեր հարցմանը չեն պատասխանել սահմանված 5-օրյա ժամկետում, չեն ծանուցել տեղեկություններ հավաքելու համար անհրաժեշտ լրացուցիչ՝ 30-օրյա ժամկետի մասին։ 15 օր հետո պատասխանել են և նշել միայն մեկ թիվ՝ ծախսերի ընդհանուր գումարը. ««Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների և միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակված են համապատասխան հարթակում: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 766 մլն 756 հազար 500 դրամ»:
Հիշեցնենք, որ աստղաբաշխական հոնորարներ էին վճարել երգիչներին. Թաթային՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ 17 մլն և այլն»։