Մկրտիչ Հարությունյանը այսօր կդառնար 37 տարեկան․ հերոսի ծննդյան օրը՝ առանց նրա

կողմից admin2

Կան ծննդյան օրեր, երբ շնորհավորանքները երկինք են հասնում, իսկ պատասխանն ընդամենը լռությունն է։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Թալինցի Մգրոյի՝ Մկրտիչ Հարությունյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 37 տարեկան։

Մկրտիչ Հարությունյանը կյանքը նվիրել էր հայրենիքին ծառայելուն։ Նա ոչ միայն զինվոր էր, այլև հրամանատար, մարտական ընկեր, ամուսին ու հայր։ 2007 թվականից սկսած՝ նրա կյանքը կապված էր զինվորական ծառայության հետ։ Ծառայել է հատուկ նշանակության զորքերում, մասնակցել Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին՝ անցնելով զինվորական բարդ ու պատասխանատու ճանապարհ։

2023 թվականի ապրիլի 11-ին՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում, Մկրտիչը զոհվեց հայրենիքի պաշտպանության համար՝ կատարելով իր վերջին մարտական առաջադրանքը։

Հետմահու նա պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Մկրտիչը թողեց կնոջն ու երկու դուստրերին։ Նրա հիշատակը շարունակում է ապրել հարազատների, ընկերների ու բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։ Թալինում նրա անունով փողոց կա, իսկ նրա հիշատակին կանգնեցված հուշարձանը սերունդներին հիշեցնում է նրա անցած հերոսական ճանապարհի մասին։

Այսօր նրա ծննդյան օրն է։ Օր, երբ նրա հարազատները կուզեին լսել ձայնը, տեսնել ժպիտը, գրկել նրան ու շնորհավորել։ Օր, երբ երկու դուստրերը կուզեին հայրիկի հետ հանգցնել ծննդյան տորթի մոմերը։

Բայց կան անուններ, որոնց ժամանակը չի կարող ջնջել, և կան հերոսներ, որոնց բացակայությունն անգամ ներկայություն է դառնում։

Մկրտիչ Հարությունյանը չապրեց այնքան, որքան արժանի էր, բայց ապրեց այնպես, որ անունը հավերժ մնա։

Խոնարհում քեզ, մեր հերոս։ Քո հիշատակը միշտ վառ կմնա

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode